Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանը փորձում է ձգձգել ժամանակը ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների միջոցով՝ պատերազմի շարունակման համար

21:35, 20.05.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ձգձգել ժամանակը ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններով՝ պատերազմը շարունակելու նպատակով։

«Ամենակարևորն այն է, որ խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը լինեն համակարգված և ուղղված լինեն իրական արդյունքների։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է ժամանակ շահել՝ շարունակելու համար պատերազմն ու օկուպացիան», – գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ գործընկերների հետ աշխատում է, որպեսզի ճնշման միջոցով ստիպեն Ռուսաստանին փոխել իր վարքագիծը։

«Պատժամիջոցներն ունեն նշանակություն, և ես երախտապարտ եմ յուրաքանչյուրին, ով դրանք ավելի շոշափելի է դարձնում պատերազմական հանցագործների համար», – նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի բանակցային սեղանի շուրջ՝ հստակ և իրատեսական առաջարկներով։

«Ուկրաինան պատրաստ է ցանկացած արդյունավետ բանակցային ձևաչափի։ Եթե Ռուսաստանը շարունակի ներկայացնել ոչ իրատեսական պայմաններ և խափանել հնարավոր արդյունքները, դա պետք է ունենա խիստ հետևանքներ», – հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ