Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանը Իզյումում կրկնեց այն, ինչ արեց Բուչայում
Իզյումում Ռուսաստանը կրկնեց այն, ինչ արեց Բուչայում, իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլխոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկին ասում է, որ Իզյումում ռուս զինվորականների կողմից խոշտանգումների հստակ ապացույցներ կան։
«Իզյումի մոտ գտնվող զանգվածային գերեզմանի վայրում դիակների արտաշիրիմումը շարունակվում է։ Ներկայիս տվյալներով բացահայտվել է ավելի քան 440 գերեզման։ Այնտեղ թաղվածների թվի մասին դեռ վաղ է խոսել, քննչական աշխատանքները շարունակվում են։ Հստակ ապացույցներ կան մարդկանց խոշտանգումների, բռնության ենթարկելու մասին… Ավելին, կան ապացույցներ, որ ռուս զինվորականները, որոնց դիրքերը նշված վայրի մերձակայքում են, կրակել են սպանվածներին զվարճանալու համար։ Աշխարհը պետք է արձագանքի այս ամենին։ Ռուսաստանը Իզյումում կրկնեց այն, ինչ արել էր Բուչայում։ Մենք նոր ենք սկսել հասկանալ ամբողջ ճշմարտությունը Խարկովի մարզում տեղի ունեցողի մասին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն խումբ է պատրաստում, որը կժամանի Իզյում և կուսումնասիրի այնտեղ տիրող իրավիճակը։ Զելենսկին հայտարարում է, որ լրատվամիջոցները լիարժեք մուտք կունենան ազատված տարածք։
Նա եվրոպական երկրներին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Նա նաև կոչ է արել միջազգային ընկերություններին հրաժարվել Ռուսաստանում աշխատելուց։
«Եթե որևէ պետություն ընտրում է ահաբեկչության ուղին, ապա յուրաքանչյուր պարկեշտ ընկերության պարտքն է առանձնանալ այդպիսի պետությունից»,- ասել է Զելենսկին։