Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանը բալիստիկ հրթիռների համար անհրաժեշտ կրիտիկական բաղադրիչների մեծ մասը դեռևս ստանում է Արևմուտքից

15:12, 04.08.2026

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական բալիստիկ հրթիռներ արտադրող ընկերությունների մեծ մասը շրջանցում է եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները՝ օգտագործելով արտասահմանյան տարբեր իրավասություններ (յուրիսդիկցիաներ)։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը, որին մասնակցում էր ավելի քան 100 դիվանագետ։

Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի հանրային հեռարձակողը։

Հեռարձակողի փոխանցմամբ՝ Զելենսկին ընդգծել է Եվրամիության, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և գործընկեր այլ երկրների պատժամիջոցների համաժամանակեցման (սինխրոնացման) անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան երկրորդային պատժամիջոցներ սահմանել ցանկացած բանկի և ֆինանսական հաստատության դեմ, որոնք Ռուսաստանին օգնում են վճարահաշվարկներում՝ ռազմաարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով։

Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ՝ նման բանկերը ներկայացուցչություններ ունեն ինչպես օֆշորային իրավասություններում, որտեղ միջազգային գործարքների համար գործում են բազմաթիվ ֆինանսական արտոնություններ, այնպես էլ Չինաստանում, որը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին։

«Բալիստիկ հրթիռներ արտադրող ռուսական 17 հիմնական ձեռնարկություններից մեծ մասն օգտվում է տարբեր իրավասություններում առկա պատժամիջոցային ճեղքերից», – հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հրթիռների համար անհրաժեշտ կրիտիկական բաղադրիչների մեծ մասը Ռուսաստանին մինչ օրս մատակարարվում է Արևմուտքից։

«Նույնը վերաբերում է նաև հյուսիսկորեական հրթիռներին։ Սրանք նոր, վերջերս իրականացված մատակարարումներ են», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ