Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերի կանգնեցումն արտադրական հոսքագծի վրա հնարավոր է, անհրաժեշտ է երկրների քաղաքական կամքը, եթե Կրեմլն ընտրի ավելի շատ հարվածներ հասցնելու ուղին, պատժամիջոցները պետք է աշխատեն, պետք է խստացվեն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում արձագանքել է անցյալ գիշեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ իրականացված հարձակումներին և նշել, որ օտարերկրյա պետությունները պետք է խստացնեն պատժամիջոցները պաշտոնական Մոսկվայի նկատմամբ:
«Սրանք մատակարարման շղթաներ են, որոնք գալիս են Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ճապոնիայից և բազմաթիվ այլ երկրներից: Այդ ընկերությունների մեծ մասը հայտնի արտադրողներ են, սակայն նրանց բաղադրիչները, միևնույն է, հայտնվում են Ռուսաստանում: Ռուսական բոլոր անօդաչու թռչող սարքերի կանգնեցումն իրականում հնարավոր է հենց արտադրական հոսքագծի վրա: Անհրաժեշտ է այդ երկրների քաղաքական կամքը: Եթե Կրեմլն ընտրել է ավելի շատ հարվածներ հասցնելու ուղին, պատժամիջոցները պետք է աշխատեն և պետք է խստացվեն»,- գրում է Վոլոդիմիր Զելենսկին:
Հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ հոկտեմբերի 2-ի գիշերը ռուսները օդային հարվածներ են հասցրել բազմահարկ բնակելի շենքի, սննդի խանութի և Կիևում գտնվող կամրջի ուղղությամբ: Նրա խոսքով՝ ռուսները «հարվածել են» նաև մանկապարտեզին: