Վոլոդիմիր Զելենսկի. Մենք ֆինանսական դժվարություններ ունենք, ռուսական սառեցված ակտիվները կարող են որոշ չափով հավասարակշռել որոշ երկրներից աջակցության կրճատումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ֆինանսական դժվարությունների է բախվում, և Եվրամիության որոշումը՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ, վճռորոշ նշանակություն ունի։
Զելենսկին այս մասին խոսել է Հաագայում՝ Նիդերլանդների վարչապետ Դիկ Շյուֆի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք ֆինանսական մարտահրավերներ ունենք։ Ուկրաինայի համար դա իսկապես հեշտ չէ։ Դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք աշխատում բանակցային գործընթացում։ Բոլորը գոհ չեն սառեցված ակտիվների օգտագործման ձևաչափից։ Այսօր սառեցված ակտիվները կարող են որոշ չափով հավասարակշռել որոշ երկրների կողմից աջակցման նվազեցումը։ Ես չեմ տեսնում հնարավորությունը, որ մենք ուժեղ մնանք առանց այդ աջակցության», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև բանակցությունները կվերսկսվեն Մայամիում։
«Մայամիում ես չեմ լինի, այնտեղ կլինեն բանակցող թիմերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, որոնք կստանան արձագանք ռուսների կողմից։ Նրանք կքննարկեն մի քանի փաստաթուղթ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները, տնտեսական վերականգնումը և 20 կետից բաղկացած համաձայնագիրը», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։