Վոլոդիմիր Զելենսկի. Ձմռանն ընդառաջ, Ուկրաինայում առավելագույնս պետք է վստահ լինենք մեր պաշտպանությանը, մեր դիրքերին, որքանով որ դա հնարավոր է

23:04, 19.08.2026
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամենօրյա ուղերձում հայտարարել է, որ ձմռանն ընդառաջ երկրի պաշտպանունակությունը պետք է առավելագույնս ուժեղացվի: Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ինչպես ռուսական հարձակումները հետ մղելուն, այնպես էլ ճակատում դիրքերը պահպանելուն:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը խոսել է պաշտպանության նոր նախարարի մասին: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հիմնական խնդիրն է բարելավել երկրի պաշտպանական համակարգը, զենքի արտադրությունն ու գնումները, ինչպես նաև բանակին դրա մատակարարումը:
«Ուկրաինայի պաշտպանությունը պետք է ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական հարվածները հետ մղելու, ճակատում դիրքերը պահպանելու և մեր ակտիվ գործողություններն իրականացնելու համար», – հայտարարել է Զելենսկին:
Զելենսկին խոսել է նաև Եվգենի Խմարայի անցյալ փորձառության մասին և նշել, որ նա Ուկրաինայի «Ալֆա» հատուկ ստորաբաժանումում ծառայելու ընթացքում ապացուցել է, որ խոսքերը հաստատում է գործով: Զելենսկու խոսքով՝ նրանից ակնկալում է Ուկրաինայի հեռահար հարվածային հնարավորությունների ընդլայնում, Ուկրաինայի երկնքի պաշտպանության ուժեղացում և գործընկերների հետ միասին պաշտպանական ու հարձակողական գործողությունների հնարավորությունների մեծացում:
Ուկրաինայի նախագահը նաև հաստատել է, որ Ռուսաստանի հետ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է ևս 103 մարդու, այդ թվում՝ ուկրաինացի զինվորականների:
«Դա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի փոխանակումները շարունակվեն: Պատրաստվում ենք հաջորդ փուլին», – նշել է Զելենսկին:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը պատրաստվում է նաև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը:
«Վաղը լուրջ պատժամիջոցներ ենք պատրաստում», – հայտարարել է Զելենսկին:

Նմանատիպ