Վոլոդիմիր Զելենսկի. Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք պայմանավորվեցինք անհատական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր կարող են խաղաղությունն արդար և հարատև դարձնել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին զրույցի մասին գրում է X սոցցանցում:
Ինչպես նշում է Զելենսկին, նա և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են անհատական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել խաղաղությունն արդար և իսկապես տեւական դարձնելու համար։
«Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելու նրան հանրապետականների առաջադրման կապակցությամբ և դատապարտելու Փենսիլվանիայում տեղի ունեցած ցնցող հարձակումը։ Նրան ուժ և բացարձակ անվտանգություն մաղթեցի ապագայում։ Ես նշեցի ամերիկյան երկկուսակցական և երկպալատ աջակցության կարևորությունը մեր երկրի ազատության և անկախության համար։ Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ ռուսական ահաբեկչությանը դիմակայելու մեր կարողությունն ամրապնդելու համար նրա օգնության համար։ Ռուսական հարձակումները մեր քաղաքների և գյուղերի վրա շարունակվում են ամեն օր։ Մենք պայմանավորվել ենք նախագահ Թրամփի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլեր կարող են խաղաղությունը դարձնել արդար և իսկապես տևական»,- գրել է Զելենսկին։
Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ զրույցի մասին գրում է նաև իր Truth Social սոցիալական ցանցում։ Նրա հայտարարության համաձայն՝ նա ու Ուկրաինայի նախագահը լավ հեռախոսազրույց են ունեցել։
«Նա ինձ շնորհավորեց Հանրապետական կուսակցության համագումարի հաջող անցկացման և ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ։ Նա դատապարտեց անցած շաբաթ օրը տեղի ունեցած նողկալի հարձակումը և նշեց, որ ամերիկյան ժողովուրդն այս օրերին համախմբվում է միասնության ոգով։ Ես բարձր եմ գնահատում նախագահ Զելենսկին իր ուղերձի համար, քանի որ որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ՝ ես խաղաղություն կբերեմ աշխարհին և վերջ կտամ պատերազմին, որն արժեցել է այդքան կյանքեր և ոչնչացրել այդքան անմեղ ընտանիքներ։ Երկու կողմերն էլ կկարողանան համախմբվել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը կդադարեցնի բռնությունը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,- գրառել է Դոնալդ Թրամփը։