Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն ուկրաինական էլեկտրակայանների և քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչական ակտ է և ռազմական հանցագործություն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների վրա հրթիռային հարվածներով և անօդաչու սարքերով ահաբեկչություն է և հավասարազոր է ռազմական հանցագործության։
«Երեկ մենք հերթական անգամ ականատես եղանք Ռուսաստանի թիրախային հարձակումներին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ հստակ նպատակ ունենալով` ձմռան մոտենալուն պես տղամարդկանց, կանանց և երեխաներին թողնել առանց ջրի, էլեկտրականության և ջեռուցման: Սա մաքուր ահաբեկչություն է, և մենք պետք է դա անվանենք»,- ասում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քիչ առաջ հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ից ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական էլեկտրակայանների 30 տոկոսը, ինչի հետևանքով համատարած անջատումներ են տեղի ունեցել ամբողջ երկրում։