Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն հարթակ կստեղծի Ուկրաինայում  հետպատերազական  վերակառուցման  համակարգման  համար
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն հարթակ կստեղծի Ուկրաինայում հետպատերազական վերակառուցման համակարգման համար

Եվրամիությունը հարթակ կստեղծի պատերազմից հետո Ուկրաինայում հետպատերազական վերակառուցման համակարգման համար , հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով մասնակցում է շվեյցարական Լուգանո քաղաքում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ հարթակը կօգտագործվի ներդրումների անհրաժեշտությունը որոշելու, գործողությունները համակարգելու և ռեսուրսների բաշխման համար։

«Պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունը մոբիլիզացրել է 6,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն և ավելին կլինի։ Մենք ակտիվորեն կզբաղվենք միջնաժամկետ և երկարաժամկետ վերակառուցմամբ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, Ուկրաինայի վերակառուցման համակարգման հարթակը կմիավորի երկրներին, ինստիտուտներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը։ Հարթակի աշխատանքներում կներգրավվեն նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը։

«Վերակառուցման հարթակի միջոցով Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել բարեփոխումներ և ներդրումներ պարունակող ծրագրերի իրականացման իր մեծ փորձը։ Բացի այդ, մենք երկար ժամանակ սերտորեն համագործակցում ենք Ուկրաինայի հետ։ Այս աշխատանքն էլ ավելի կակտիվանա հիմա, երբ Ուկրաինան պաշտոնապես դարձել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Եվրոպան ունի Ուկրաինայի կողքին կանգնելու հատուկ պատասխանատվություն և ռազմավարական հետաքրքրվածություն։

«Կրեմլի նպատակը Ուկրաինայի ռազմական, քաղաքական և տնտեսական ոչնչացումն է։ Նրանք ցանկանում են խաթարել Ուկրաինայի՝ որպես պետության գոյությունը։ Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լուգանոյում։