Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների ապագան Եվրոպական Միությունում է, եկեք հաջորդ եվրոպական միավորումը դարձնենք իրականություն
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն - Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների ապագան Եվրոպական Միությունում է, եկեք հաջորդ եվրոպական միավորումը դարձնենք իրականություն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշում է, որ Արևմտյան Բալկանների, Ուկրաինայի և Մոլդովայի ապագան Եվրոպական Միության մեջ է։ Ֆոն դեր Լեյենը այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանում իր ամենամյա «Միության վիճակի մասին» ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպան ազատության և փոխօգնության ուժի գաղափար է, որի համար այժմ պայքարում է Ուկրաինան։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ ԵՄ-ն օգնում է անդամակցության ձգտող երկրներին իրականացնել բարեփոխումներ և ինտեգրվել։

«Սիրելի՛ անդամներ, երբ խոսում ենք անկախության մասին, նկատի ունենք մեր ճակատագրի ընտրությունը։ Սա այն է, ինչի համար պայքարում է Ուկրաինան, և սա այն է, ինչին արժանի են բոլոր եվրոպացիները, քանի որ Եվրոպան գաղափար է՝ ազատության և փոխօգնության ուժի գաղափարը։ Սա այն գաղափարն էր, որը մղում էր մի սերնդի 1989 թվականից հետո, երբ Արևելքն ու Արևմուտքը միավորվեցին։ Եվ այն նույնքան ուժեղ է հիմա, որքան այն ժամանակ։ Ահա թե ինչու մենք ապագա անդամ պետություններին ավելի ենք մոտեցնում մեր Միությանը։ Դրա համար մենք ներդրումներ ենք կատարում, աջակցում ենք բարեփոխումներին, օգնում նրանց ինտեգրվել ընդհանուր շուկային, քանի որ միայն ավելի մեծ և ուժեղ Միությունը կարող է երաշխավորել բոլորի անվտանգությունը։ Ուկրաինայի, Մոլդովայի, Արևմտյան Բալկանների ապագան մեր Միության մեջ է, եկեք հաջորդ եվրոպական միավորումը դարձնենք իրականություն», – նշել է ֆոն դեր Լեյենը։