Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի միջով երկաթուղային կապը, քայլ առաջ է
Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ օգնության փաթեթ։ Սա ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն, և ավելին է սպասվում, – հայտարարության մեջ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա ասել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում զրույցը շոշափել է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վերջերս կիրառված պատժամիջոցները։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ Մոսկվան տնտեսական ճնշում է գործադրում Երևանի վրա։
«Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել եմ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ Սա տնտեսական ճնշում է, որն անընդունելի է։ Հայկական արտադրանքի արտահանման վրա սահմանափակումներ սահմանելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք։ Մենք շատ լավ գիտենք այս սցենարը։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ օգնության փաթեթ։ Սա ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն, և դեռ ավելին կլինի։ Այն ներառում է որոշ հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի, առևտրի հեշտացման միջոցառումներ, տուժած ոլորտների, ինչպիսիք են ծաղիկները, գործնական աջակցություն, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։
Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10,000 ծաղիկ։ Մենք նաև կշարունակենք կապել մեր բիզնեսները՝ կատարելու մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունները։ 2024 թվականից ի վեր «Կայունության և աճի ծրագրի» շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7000 բիզնեսների և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Հայաստանը մի վայր է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Սա կարևոր վայր է եվրոպական բիզնեսների համար», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորության մասին և նշեց, որ տարածաշրջանում առևտրային ուղիների բացումը, այդ թվում՝ Վրաստանի մասնակցությամբ, կարևոր քայլ է առաջ։
Նա նաև ասաց, որ Երևանն ունի ներուժ դառնալու Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կապող հանգույց։
«Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի միջով երկաթուղային կապը, հիանալի քայլ է առաջ։ Հայաստանն ունի ներուժ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքներին և սահմանային անցումներին, երբ տարածաշրջանային կապերը վերաբացվեն։ Մենք կշարունակենք առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք «Կապի հարթակում»։ «Նախարարական հանդիպման ժամանակ արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք համաձայնեցինք ստեղծել ԵՄ-ՀՀ համատեղ աշխատանքային խումբ։ Սա կհսկի այս բոլոր նախաձեռնությունների և ապագայում ցանկացած այլ միջոցառման իրականացումը», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։