Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. մեզ կայունություն է պետք, առաջին ժամկետում ես ցույց տվեցի, թե ինչի կարող է հասնել ուժեղ Եվրոպան, մենք կարող ենք բաստիոն ստեղծել ծայրահեղ ձախերի և աջերի դեմ
Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ինքը կփորձի իր համախոհների հետ միասին լիբերալ մեծամասնություն կազմել Եվրախորհրդարանում։
Ֆոն դեր Լեյենի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության մի մասն է, որը, կարծես թե, կպահպանի իր դիրքերը որպես ամենամեծ դաշինքը:
Հարցին, թե արդյոք նա «կմտածի ավելի շատ աջակողմյան կուսակցությունների հետ կապ հաստատելու մասին, օրինակ՝ Իտալիայում», ֆոն դեր Լեյենն ասաց, որ ի սկզբանե ուշադրության կենտրոնում կլինեն ավելի լայն քաղաքական խմբերը, այլ ոչ թե ազգայինները:
«Այս բուռն ժամանակներում մեզ կայունություն է պետք։ Մեզ պետք է հաշվետվողականություն և շարունակականություն։ Իմ առաջին ժամկետի ընթացքում ես ցույց տվեցի, թե ինչի կարող է հասնել ուժեղ Եվրոպան։ Իմ նպատակն է շարունակել այս ճանապարհը նրանց հետ, ովքեր եվրոպամետ են, ուկրաինամետ և օրենքի գերակայության կողմնակիցներ: Միասին մենք կստեղծենք և կարող ենք բաստիոն ստեղծել ծայրահեղ ձախերի և աջերի դեմ: Եվ դա անհրաժեշտ է, քանի որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ։ Ես միայն հակիրճ ընդգծեմ խնդիրները՝ սկսած ռուսական ագրեսիվ պատերազմից մինչև կլիմայի փոփոխության կամ արհեստական ինտելեկտի հնարավոր հետևանքները։ Այս տարի ընտրություններ են մեր գործընկեր երկրներում՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Այս ամենի և ավելիի համար մեզ անհրաժեշտ է տեսանելի Եվրոպա: Մենք ցանկանում ենք, որ այս Եվրոպան առաջ գնա։ Եվ այս աշխատանքը սկսվում է այսօր՝ ընտրությունների հաջորդ օրը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։