Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Մենք չենք կարող հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար, Եվրոպայի պաշտպանությունը մեր պատասխանատվությունն է
Մենք չենք կարող հույս դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար, Եվրոպայի պաշտպանությունը մեր պատասխանատվությունն է, – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։
Եվրախորհրդարանի նիստում քննարկվում էին Եվրոպական խորհրդի վերջին նիստում ընդունված որոշումները։
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վրա իրականացրեց ամենազանգվածային և մահացու հարվածների շարքը։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում արձակվել է ավելի քան 500 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Պատերազմը դեռևս շարունակվում է։ Ռուսաստանից եկող սպառնալիքը մնում է։ Սա իրականություն է, որը մենք միշտ պետք է հիշենք պաշտպանության մասին մտածելիս։ Մենք չենք կարող հույս դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար, Եվրոպայի պաշտպանությունը մեր պատասխանատվությունն է», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է Եվրոպական Միության կողմից իր պաշտպանական կարողությունները ամրապնդելու վերաբերյալ կայացված որոշումների, այդ թվում՝ պաշտպանական ծախսերի ավելացման և ռազմական արդյունաբերության խթանման մասին։
Նա ասել է, որ ժամանակը կարևոր է այդ որոշումները կյանքի կոչելու համար, քանի որ Ռուսաստանը արագորեն վերազինվում է։