Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Քաղաքացիական անձանցով լի հիվանդանոցին հարվածելը արդարացում չունի, բոլոր փաստերը պետք է պարզվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ կապված բոլոր փաստերը պետք է պարզվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում իր ելույթի ժամանակ։
«Երեկ գիշերվա անիմաստ ողբերգությունը ցնցեց բոլորիս։ Գազայի հիվանդանոցը, որը պատսպարում էր հարյուրավոր վիրավորների, վերածվել է կրակի դժոխքի։ Ալ-Ահլի հիվանդանոցից տեսած կադրերը ցնցող են ու սահմռկեցուցիչ։ Քաղաքացիական անձանցով լի հիվանդանոցին հարվածելը արդարացում չունի: Բոլոր փաստերը պետք է պարզվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այս ողբերգական պահին մենք բոլորս պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ խաղաղ բնակիչներին այս պատերազմից պաշտպանելու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։