Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ի տարբերություն այլ խոշոր շուկաների, Եվրոպան իր շուկան բաց է պահում չինական ապրանքների համար, սակայն Չինաստանը նման բացություն չի ցուցաբերում
Ի տարբերություն այլ խոշոր շուկաների, Եվրոպան իր շուկան բաց է պահում չինական ապրանքների համար, սակայն Չինաստանը նման բացություն չի ցուցաբերում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից հետո։
ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները հասել են հստակ շրջադարձային կետի։
«Ինչպես մենք ասել ենք Չինաստանի ղեկավարությանը, որպեսզի առևտուրը մնա փոխշահավետ, այն պետք է դառնա ավելի հավասարակշռված։ Եվրոպան ողջունում է մրցակցությունը։ Մենք սիրում ենք մրցակցությունը, բայց մրցակցությունը պետք է լինի արդար։ Մենք պետք է տեսնենք առաջընթաց այս հարցում, քանի որ առանց առաջընթացի ԵՄ-ի համար շատ դժվար կլինի պահպանել բացության ներկայիս մակարդակը», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ Բրյուսելը ակնկալում է, որ Պեկինը կօգտագործի իր ազդեցությունը՝ համոզելու Ռուսաստանին համաձայնվել հրադադարի և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ արյունահեղությանը վերջ դնելու համար։
«Այն, թե ինչպես է Չինաստանը շարունակելու փոխազդել Պուտինի պատերազմի հետ, որոշիչ գործոն կլինի մեր հարաբերությունների ապագայի համար։ Մենք շատ հստակ ենք եղել այս հարցում։ Չինաստանն ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, ինչպես ԵՄ-ն ազդեցություն ունի Ուկրաինայի վրա, և մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կօգտագործի այս ազդեցությունը՝ Ռուսաստանին լրջորեն բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բանակցային լուծման վրա։ Մենք ցանկանում ենք բանակցային լուծում։ Ներկայումս մենք շատ ինտենսիվ տեխնիկական և քաղաքական շփումներ և քննարկումներ ենք ունենում», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։