Ուկրաինայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատման պատճառով երկրի զգալի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ուկրաինայի էլեկտրացանցում տեղի է ունեցել համակարգային վթար, ինչի հետևանքով երկրի զգալի մասը զրկվել է էլեկտրաէներգիայից։
Ուկրաինական մամուլի փոխանցմամբ՝ հունվարի 31-ին, ժամը 10:42-ին, տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել՝ Ռումինիայի և Մոլդովայի էներգոհամակարգերի միջև գործող 400 կՎ լարման գծի և Ուկրաինայի արևմտյան ու կենտրոնական շրջանների միջև 750 կՎ լարման գծի միաժամանակյա անջատման հետևանքով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ էլեկտրացանցի մակարդակով ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և ընթանում են վերականգնողական աշխատանքներ՝ իրավիճակի հնարավորինս արագ կայունացման նպատակով։
Կիևի քաղաքային էլեկտրագնացքը, որը մետրոյի նմանությամբ դադարեցրել էր երթևեկությունը, այս պահին վերսկսել է աշխատանքը։
Ուկրաինայի առաջին փոխվարչապետը և էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը հայտնել է, որ Կիևի, Ժիտոմիրի և Խարկովի մարզերում կիրառվել են հոսանքի արտակարգ անջատման հատուկ ժամանակացույցեր։