Ուկրաինային ու Վրաստանին MAP չտալը մեծ սխալ էր, հատկապես դեմ էին Ֆրանսիան ու Գերմանիան, այս սխալով մենք ազդանշան ուղարկեցինք Պուտինին ՆԱՏՕ-ի պառակտման մասին. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Ուկրաինային ու Վրաստանին MAP չտալը մեծ սխալ էր, հատկապես դեմ էին Ֆրանսիան ու Գերմանիան, այս սխալով մենք ազդանշան ուղարկեցինք Պուտինին ՆԱՏՕ-ի պառակտման մասին. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ սխալ էր, երբ Վրաստանին և Ուկրաինային չտրվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր։

Նրա խոսքով, Ֆրանսիան և Գերմանիան, մասնավորապես, դեմ են արտահայտվել Ուկրաինայի և Վրաստանի համար Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) տրամադրմանը։

Ռասմուսենի կարծիքով՝ սա մեծ սխալ էր, քանի որ այն ժամանակ Պուտինին ազդանշան ուղարկվեց ՆԱՏՕ-ի պառակտման մասին։

«Կարծում եմ՝ մեծ սխալ էր, երբ մենք կարգավիճակ չտվեցինք Ուկրաինային ու Վրաստանին, իսկ տեխնիկական լեզվով ասած՝ անդամակցության գործողությունների ծրագիրը։ Մենք չկարողացանք պայմանավորվել ՆԱՏՕ-ում։ Ես կողմ էի, ԱՄՆ-ի նախագահը կողմ էր, բայց հատկապես Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրմանը։ Այսպիսով, մենք չկարողացանք: Փոխարենը մենք փաստացի որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Սա բավականին ուժեղ հայտարարություն էր, բայց Պուտինը զայրացավ և 2008-ին՝ Բուխարեստում մեր գագաթնաժողովից չորս ամիս անց, առանցքային ուղերձ հղեց, երբ հարձակվեց Վրաստանի վրա և դե ֆակտո օկուպացրեց այդ երկրի շրջանները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Կարծում եմ՝ դա էր գլխավոր սխալը, քանի որ մենք Պուտինին ազդանշան ուղարկեցինք ՆԱՏՕ-ի պառակտման մասին։ Դա պետք է դաս լինի պատմությունից, և 2014 թվականին այս ամբողջ պատմությունը կրկնվեց, երբ նա վերցրեց Ղրիմը։ Նորից տատանվեցինք, պատժամիջոցներ ընդունեցինք, բայց բավականաչափ ուժեղ չէր։ Այնուհետև Պուտինը եզրակացրեց, որ կարող է շարունակել «արկածախնդրությունը Ուկրաինայում», և մենք դրա համար վճարում ենք հիմա»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Միևնույն ժամանակ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ ուկրաինացիները պետք է հաղթեն պատերազմում, քանի որ եթե Պուտինին հաջողվի, նա կանգ չի առնի Ուկրաինայի վրա։

«Նրա հաջորդ թիրախը կլինի Մոլդովան, հետո Վրաստանը, և հնարավոր է ճնշում գործադրի Բալթյան երեք երկրների վրա։ Ուստի ուկրաինացիները կռվում են մեր անունից, և մենք պարտավոր ենք օգնել նրանց»,- հավելել է նա։

Տեղեկացնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի չորս նախկին գլխավոր քարտուղարների մասնակցությամբ վիրտուալ ձևաչափով քննարկում է տեղի ունեցել «Դաշնակիցների որոշում. ՆԱՏՕ-ի հեռանկարները Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու» թեմայով։