Ուկրաինայի զինված ուժերում հայտարարում են, որ փետրվարի 28-ի գիշերը ռուսական ուժերը կրկին փորձում էին ճեղքել Կիևի պաշտպանությունը
Փետրվարի 28-ի գիշերը ռուսական ուժերը կրկին փորձել են ճեղքել Կիևի պաշտպանությունը, սակայն անհաջող։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
«Նպատակին հասնելու ռուսական օկուպացիոն ուժերի բոլոր փորձերն անհաջող էին։ Ոչնչացվել են տեխնիկայի շարասյուներ։ Հակառակորդը զգալի մարդկային կորուստ է կրել», – ասել է Սիրսկին։
Ինչպես նշել է բարձրաստիճան զինվորականը, ռուսական ուժերի շարասյունները մի քանի անգամ փորձել են գրոհել մայրաքաղաքի ծայրամասերը։ Սակայն, նրա խոսքով, հակառակորդի բոլոր տեղաշարժերը վերահսկողության տակ են եղել։
Կիևի պաշտպանության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը ներկայումս վերահսկելի է։