Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման են անցել Խարկովի մարզում և կարողացել են ազատագրել Գուսարովկա բնակավայրը
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման են անցել Խարկովի մարզում և կարողացել են օկուպանտներից ազատագրել Գուսարովկա բնակավայրը։
Նրանց տվյալներով՝ ռուս զինվորականները գիշերվա ընթացքում առնվազն 15 անգամ ռմբակոծել են Խարկովը։ Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Մարիուպոլում, որտեղ ռուս օկուպանտները ներկա են քաղաքի մի քանի հատվածներում, թեև նրանք չեն կարողանում ամբողջությամբ վերահսկել քաղաքը։ Այս տեղեկությունը տարածում են նախագահի աշխատակազմում։ Հաղորդվում է նաև, որ ռուս օկուպանտները ոչնչացրել են Դուբնոում՝ Ռովնո շրջանի նավթային տերմինալը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնում է, որ այսօր ուկրաինական զինված ուժերը տասնմեկերրորդ անգամ ոչնչացրել են ռուսական ուժերը Խերսոնի շրջանի Չեռնոբյովկա օդանավակայանի մոտ։ Բարդ իրավիճակ է Չեռնիգովի մարզում. Ռուս զինվորականների բացած կրակի պատճառով բնակչությանը չի մատակարարվում էլեկտրականություն և ջուր, անջատված է նաև ջեռուցումը։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերն ասում են, որ ռուս օկուպանտները չեն կարողանա առաջ շարժվել և կշարունակեն նորացնել և վերախմբավորել իրենց ուժերը՝ հարձակումը վերսկսելու համար:
Այսօր նաև Ուկրաինայի գլխավոր շտաբը նոր տեղեկություններ է տարածել կորուստների մասին։ Նրանց տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում սպանվել է 16600 ռուս զինծառայող։ Ոչնչացվել է 582 տանկ և 1 664 զրահամեքենա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, որ զինվորականները շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մոսկվան հաստատել է Լվովի վրա հարձակումը։ Նրանց տվյալներով՝ ռուս զինվորները կարողացել են խոցել ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք։ Պատերազմի ժամանակ անհնար է ստուգել այս տվյալները։
Զուգահեռաբար այսօր քննարկվել է Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկում Ռուսաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Նույնիսկ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը չի բացառում, որ Պուտինը փոխում է մարտավարությունը և պատրաստվում է իրագործել այսպես կոչված կորեական մոդելը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը կփորձի մեկ քվազի-պետության մեջ միավորել Ուկրաինայի օկուպացված տարածքները և օկուպացիայի գիծը անցկացնի այնպես, ինչպես դա տեղի է ունեցել Հարավային և Հյուսիսային Կորեաների դեպքում։