Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի խոսքով՝ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ապաստարանը դիմակայել է ավիահարվածին, այնտեղ գտնվող մարդիկ ողջ են մնացել
Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ապաստարանը դիմակայել է ավիահարվածին, ապաստարանում գտնվող մարդիկ ողջ են մնացել,- գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Տարուտային։
«Սարսափելի անորոշ գիշերից հետո, պատերազմի 22-րդ օրվա առավոտյան, մենք լավ լուր ունենք Մարիուպոլից։ Ապաստանը դիմացավ։ Փլատակները սկսել են մաքրել, մարդիկ ողջ-ողջ դուրս են գալիս»,- գրել է Տարուտան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 16-ին ռուսական ինքնաթիռը ռմբակոծել է Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ պատսպարվել էին հարյուրավոր խաղաղ բնակիչներ։
Ինչպես «BBC»-ին հայտնել է ուկրաինացի պատգամավոր Դմիտրի Գուրինը, ռուսական ուժերը օդային հարված են հասցրել թատրոնին, չնայած մեծ ցուցանակին, որ շենքում ապաստանել էին երեխաներ:
«Ինքնաթիռից օդաչուն տեսավ այդ խոսքերը, և ռմբակոծեց դրամատիկական թատրոնը», – ասել է Գուրինը։ Նրա խոսքով, թատրոնում կազմակերպված ապաստարանում հազարից ավելի մարդ կար։