Ուկրաինայի վարչապետ. Եվրոպական հեռանկար տալը կխորացնի Ուկրաինայի և Վրաստանի միջև գործընկերությունը
Եվրոպական հեռանկար տալը կխորացնի մեր երկրների գործընկերությունը, – ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:
Առևտրատնտեսական համագործակցության ամրապնդումը և համատեղ եվրոպական ինտեգրման ուղին եղել են այն թեմաները, որոնք քննարկվել են Կիևում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի հանդիպմանը:
Շմիգալը շնորհակալություն հայտնեց Վրաստանի խորհրդարանի նախագահին այցի համար և ընդգծեց Ուկրաինայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը:
«Ես նշում եմ երկկողմ տնտեսական համագործակցության դրական դինամիկան: Մեր երկրների միջև 2021 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով: Հուսով եմ, որ այս դինամիկան կշարունակվի, եւ մենք կընդլայնենք երկկողմ հարաբերությունները», – ասել է Ուկրաինայի վարչապետը:
Ուկրաինայի կառավարության ղեկավարի խոսքով, այս տարի Թբիլիսիում կկայանա երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը և աշխատանքային խմբերի փորձագետների հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի, Դենիս Շմիգալը և Կախա Կուճավան քննարկել են երկու երկրների համար ընդհանուր եվրոպական ինտեգրման և եվրատլանտյան ձգտման հարցը, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության շրջանակներում:
«Ես վստահ եմ, որ Ուկրաինային և Վրաստանին եվրոպական հեռանկար տալը էական ներդրում կունենա տարածաշրջանի կայունության ամրապնդման գործում, կբարձրացնի մարտահրավերներին և սպառնալիքներին մեր համատեղ դիմադրողականությունը և էլ ավելի կխորացնի մեր երկրների միջև գործընկերությունը», – ասաց Ուկրաինայի վարչապետը:
Ուկրաինայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ «Կովիդ-19» պատվաստման փաստաթղթի փոխադարձ ճանաչումը կօգնի երկու երկրների միջև զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքների միջև կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը: