Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 75 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 71-ը խոցվել է
Ռուսաստանը գիշերը 75 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ 75 անօդաչու թռչող սարքերից 71-ը խոցվել է։
Ռուսաստանի զանգվածային հարձակման հիմնական թիրախը եղել է Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևի ուղղությամբ գործարկվել է ռեկորդային թվով՝ 50 անօդաչու թռչող սարք։ Գրոհը տևել է գրեթե վեց ժամ։
Ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, մի քանի կործանված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Կիևի բարձրահարկ շենքերի վրա։ Արդյունքում հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 11-ամյա երեխա։ Նրանցից ոչ մեկը հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Հարձակումից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի մի հատվածի էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Էլեկտրական լարերի վնասման պատճառով հոսանք չի մատակարարվել 77 տան և 120 հիմնարկի։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, ապա, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկությունների, Ռուսաստանը հարձակվում էր վեց ուղղություններով, և վերջին 24 ժամում տեղի է ունեցել 74 մարտական բախում։