Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինան 70 ռազմական ինքնաթիռ կստանա ԵՄ աջակցության շրջանակներում
Ուկրաինայի զինված ուժերը ԵՄ աջակցությամբ կստանան 70 ռազմական ինքնաթիռ։ Այս մասին տեղեկությունը հրապարակում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Մեր գործընկերները կփոխանցեն ՄիԳ-29 և Սու-25։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի դրանք տեղակայել Լեհաստանի ռազմական օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական առաջադրանքներ կկատարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորականների խոսքով՝ Ուկրաինան ինքնաթիռները կստանա ԵՄ երեք երկրներից։ Մասնավորապես, Լեհաստանը կմատակարարի 28 ՄիԳ-29 ինքնաթիռ, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29, իսկ Բուլղարիան՝ 16 ՄիԳ-29 ինքնաթիռ և 14 Սու-25 ինքնաթիռ։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը 450 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային զենք գնելու և մատակարարելու համար։