Ուկրաինայի ռազմական հետախուզություն. Խերսոնի բամբակի գործարանի տարածքում չորս ուժգին պայթյուն է լսվել, մոտ 180 ռուս զինվոր է զոհվել
Ուկրաինայի ռազմական հետախուզությունում ասում են, որ Խերսոնի բամբակի գործարանի տարածքում չորս ուժգին պայթյուն է տեղի ունեցել։Նրանց տեղեկություններով՝ զոհվել է մոտ 180 ռուս զինվոր։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերի արդյունավետ գործողությունների արդյունքում Խերսոնի բամբակի գործարանի տարածքում, որտեղ գտնվում էր օկուպանտների անձնակազմն ու տեխնիկան, չորս հզոր պայթյուն է գրանցվել։ Այս պահին հայտնի է երեք բեռնատարներով քաղաքից դուրս բերված մոտ 180 ռասիստների մահվան մասին։ Եվս մի քանի տասնյակը տեղափոխվել են Խերսոնի բուժհաստատություններ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հետախուզության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ հետախուզության հաղորդագրության, ուկրաինական զինված ուժերի՝ Զապորոժիայի շրջանում հասցված հարվածների արդյունքում Վասիլևկայի շրջանում վիրավորվել է 80 ռուս զինվոր, զոհվել՝ 15 ռուս զինվոր։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում, որտեղ, ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, ռուսները մեծ վնասներ են կրել թե՛ կենդանի ուժի, թե՛ ռազմական տեխնիկայի առումով։