Ուկրաինայի ռազմական հետախուզություն. Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություններ են ծրագրում իրենց տարածքում
Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչություններ են ծրագրում իրենց տարածքում՝ հակաուկրաինական հիստերիան սաստկացնելու համար։
Ըստ Կիրիլ Բուդանովի, դրանց թվում նախատեսվում է ականապատել և պայթեցնել բնակելի շենքեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Նրա խոսքով՝ հրթիռային հարձակումներ են նախատեսվում Բելգորոդի և Ղրիմի քաղաքներից մեկում։ Նա ասել է, որ այս կերպ պուտինյան ռեժիմը կփորձի կոնսոլիդացնել ռուսական հասարակությունն ընդդեմ Ուկրաինայի։ Բուդանովը կարծում է, որ ահաբեկչությունների մասին տեղեկատվությունը Ռուսաստանի քաղաքացիներին կտրամադրվի որպես «ուկրաինացի ազգայնականների վրեժը»։
Ուկրաինայի հետախուզության ղեկավարն ասում է, որ վերջին օրերին ռուսական իշխանություններն ավելի ու ավելի են փորձում հակաուկրաինական տրամադրություններ առաջացնել Բելգորոդում և Կուրսկում, որտեղ խրամատներ են փորում և խուճապ են սերմանում՝ տեղեկություններ տարածելով ուկրաինացի կամավորների կողմից ենթադրյալ հարձակման մասին։
Բուդանովի խոսքով, Ռուսաստանը նախկինում նման սցենար է կիրառել նաեւ Չեչնիայում։