Ուկրաինայի նախագահի վարչակազմում նշում են, որ օկուպացված Ղրիմի տարածքի վրա անորոշ հարձակումների թիվը միայն կավելանա
Ուկրաինայի նախագահի վարչակազմում նշում են, որ օկուպացված Ղրիմի տարածքի վրա անորոշ հարձակումների թիվը միայն կավելանա։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պոդոլյակը նշել է, որ սա բարձր ինտենսիվության պատերազմ է, և բարձր ինտենսիվության պատերազմը միայն մեկ ուղղությամբ չի լինում։ Նրա խոսքով, ռուս օկուպանտները կարծում էին, որ կարող են մտնել, գործել անպատիժ, խեղել մարդկանց, սակայն պատերազմի նման ինտենսիվության դեպքում ամեն ինչ միայն կավելանա։
«Ես նկատի ունեմ, որ հակազդեցությունը կուժեղանա ոչ միայն Ղրիմի տարածքում, այլև բոլոր օկուպացված վայրերում, որտեղ այսօր գտնվում է ռուսական բանակը»,- ասել է Պոդոլյակը։
Ըստ Պոդոլյակի՝ ռուս օկուպանտները հոգեբանորեն անպատրաստ էին այն ամենին, ինչ այսօր կատարվում է Ղրիմում կամ Խերսոնի, Զապորոժիայի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։
«Մտածում էին, որ մեզ անպատիժ կսպանեն, իրենք էլ նստած կսպասեն, որ այս ամենն ավարտվի, միայն թե իրենց վնաս չտան։ Ղրիմում անհայտ ծագման հարձակումների թիվը միայն կավելանա, ինչը կփչացնի ոչ միայն որոշակի սեզոնը, այլև կփչացնի գողացված տարածքում ապրելու հնարավորությունը»,- նշել է Պոդոլյակը: