Ուկրաինայի նախագահը ժամանել է Խարկով, որը մի քանի օր գտնվում է ռուսական զինված ուժերի հարձակման տակ
Ուկրաինայի նախագահը ժամանել է Խարկով, որը մի քանի օր գտնվում է ռուսական զինված ուժերի հարձակման տակ։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Վոլոդիմիր Զելենսկին Խարկով քաղաքում անցկացրել է ռազմական հրամանատարների հանդիպում։
Տեղեկության համար՝ ներկայումս մարտեր են ընթանում ուկրաինացի զինվորականների և ռուս օկուպացիոն ուժերի միջև Խարկովի մարզի Լիպցիի շրջակայքում։ Բնակավայրը գտնվում է Խարկով քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հաղորդվում է նաեւ, որ Վոլչանսկ քաղաքի փողոցներում բախումներ են տեղի ունենում ռուսական եւ ուկրաինական ռազմական ուժերի միջեւ։
Զինվորական հրամանատարների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահն ասել է, որ իրավիճակը Խարկովի մարզում ամբողջությամբ վերահսկվում է, թեև իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և Ուկրաինան ուժեղացնում է զինված ուժերի ռազմական խմբավորումները։
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել էր, որ ռուս զինվորականները մտել են Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքի հյուսիսային հատվածը և պատանդ են վերցնում քաղաքացիական անձանց։ Սեփական հաղորդման համաձայն՝ մեկ մարդ սպանվել է ռուս օկուպանտների կողմից՝ փախուստի փորձի ժամանակ։ Կլիմենկոյի խոսքով՝ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների տարհանումը Վոլչանսկից։