Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը պատասխանել է Սլովակիայի կառավարության մեղադրանքին. Գերատեսչության կազմում «Վրացական ազգային լեգեոն» կոչվող ստորաբաժանում չկա

13:27, 01.02.2025

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունն արձագանքել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Փիցոյի հայտարարություններին, ով մեղադրել է «Վրացական լեգեոնի» մարտիկներին Սլովակիայում բողոքի ցույցերին մասնակցելու մեջ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պաշտոնապես հայտնում է, որ իր կազմում «Վրացական ազգային լեգեոն» կոչվող ստորաբաժանում չկա»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետախուզության վարչության հայտարարության մեջ նշվում է, որ հիբրիդային և տեղեկատվական գործողությունները, որոնք ուղղված են եվրոպական երկրներում իրավիճակի վատթարացմանը, ծայրահեղ լուրջ վտանգ են ներկայացնում Ուկրաինայի համար։

Հետախուզական ծառայությունը նաև ընդգծել է, որ վրացական լեգեոնը բազմազգ ակտիվ օպերատիվ ստորաբաժանում է, որն անմիջականորեն մասնակցում է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններում մարտերին և Եվրամիության տարածքում որևէ հիբրիդային գործողություններ չի իրականացնում։

Վրացական լեգեոնի առաջնորդ Մամուկա Մամուլաշվիլիի դեմ Փիցոյի մեղադրանքների առնչությամբ հետախուզությունը գրում է, որ նա կապ չունի ուկրաինական հետախուզության հետ և նրանից որևէ առաջադրանք կամ հրաման չի ստանում։

«Նշված անձը 2023 թվականի ապրիլին խզել է իր պայմանագիրը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության միջազգային լեգեոնի հետ և չի երկարացրել այն», – ասվում է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության հաղորդագրության մեջ։

Սլովակիայի իշխանությունը Ուկրաինայում կռվող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին մեղադրում է հեղաշրջման հնարավոր փորձի մեջ և արգելել է նրա մուտքը երկիր։

Նմանատիպ