Ուկրաինայի հետախուզական ծառայությունը նշում է, որ իրենք հավաստի տեղեկություններ չունեն, թե ովքեր են եղել Բելգորոդում խոցված ռուսական ինքնաթիռում
Առայժմ հավաստի տեղեկություններ չկան այն մասին, թե ով է եղել խոցված ռուսական «Իլ-76» ինքնաթիռում, այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը։
Ուկրաինայի հետախուզական ծառայության տվյալներով՝ այսօր պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակում, սակայն այն չի կայացել։
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը նշել է, որ Ուկրաինան կատարել է փոխանակումը նախապատրաստելու բոլոր պայմանավորվածությունները, գերի ընկած ռուս զինծառայողները ժամանակին բերվել են փոխանակման համար նախատեսված վայր, որտեղ նրանք ապահով են եղել։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ուկրաինան տեղեկացված չէ տրանսպորտային միջոցների քանակի, երթուղիների և բանտարկյալների տեղափոխման ձևերի մասին։
«Մեր պաշտպանների անվտանգությունը, ըստ պայմանավորվածությունների, պետք է ապահովեր ռուսական կողմը։ Միաժամանակ, ուկրաինական կողմը որոշ ժամանակ տեղեկացված չի եղել Բելգորոդ քաղաքի տարածքում օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, ինչպես դա արվել է բազմիցս նախկինում։ Հայտնի է, որ բանտարկյալներին տեղափոխում են օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Սա կարող է վկայել Ռուսաստանի կողմից կանխամտածված գործողությունների մասին, որի նպատակն է վտանգ ստեղծել բանտարկյալների կյանքին և անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի մարզի Կորոչանսկի շրջանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցված Իլ-76 ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ Բելգորոդի մարզի նահանգապետի խոսքով՝ կործանված Իլ-76-ում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը հրթիռներ էր կրում։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերթական հայտարարությունն էր տարածել, ըստ որի՝ ուկրաինացի զինվորականները Բելգորոդում ուկրաինացի ռազմագերիների հետ Իլ-76-ը խոցել են երկու զենիթային հրթիռներով։