Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու մեդիա մոնիտորինգի գործակալության ղեկավարն այցելել են Վրաստանի Առաջին ալիք
Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սվիտլանա Օստապան և Ուկրաինայի ԶԼՄ-ների մոնիտորինգի գործակալության ղեկավար Գալինա Պետրիկը այցելել են Վրաստանի Առաջին ալիք։ Ուկրաինացի հյուրերին հանդիպել են Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, Հանրային հեռարձակողի մամուլի ղեկավար Ռուսուդան Մաջգալաձեն և Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն։
Հանդիպումը կայացել է Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ քննարկվել են Վրաստանի և Ուկրաինայի Հանրային հեռարձակողների միջև առկա սերտ համագործակցությունը և խոսվել ապագա համատեղ ծրագրերի մասին։
«Մեզ համար միշտ կարևոր է Վրաստանում տեսնել մեր ուկրաինացի ընկերներին, գործընկերներին և համախոհներին։ Հանրային հեռարձակողը պատերազմի առաջին օրվանից աշխատում է Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ համատեղ։ Տրամադրվել է նաև մեծ ընդհանուր օգնություն՝ թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես։ Մենք հպարտ ենք և բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Այսօր մենք խոսեցինք այդ հարաբերությունների ամրապնդման մասին, նոր ծրագրեր կազմեցինք, ինչ կարելի է անել, որպեսզի ստուգված լուրեր ստանանք սկզբնաղբյուրից՝ Ուկրաինայից»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
Ինչպես հանդիպումից հետո ասել է Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սվիտլանա Օստապան, քննարկվել է Վրաստանի և Ուկրաինայի Հանրային հեռարձակողների փորձը կիսելու անհրաժեշտությունը։
«Հանդիպմանը մենք կիսվեցինք մեր փորձով։ Շատ հաճելի էր լսել, որ մենք մի ընտանիքի անդամ ենք։ Մենք աջակցում ենք միմյանց, ինչը շատ կարևոր է Ուկրաինայի համար։ Վրաստանը պատերազմ ապրեց Ռուսաստանի հետ, և դուք լավագույնս հասկանում եք, թե ինչ է Ռուսաստանը, որ ահաբեկչական երկիր է։ Նա կարող է ռմբակոծել բնակչությանը միայն իր շահերի համար։ Մենք Ուկրաինայում զգում ենք Վրաստանի և Վրաստանի հանրային Հեռարձակողի օգնությունը»,- ասել է Սվիտլանա Օստապան։
Բացի այդ, ըստ Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեի, հանդիպմանը կողմերը քննարկել են ապագա ծրագրերը։
«Վրաստանի Հանրային հեռարձակողը սերտորեն համագործակցում է Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ։ Այս դժվարին իրավիճակում մենք ունենք գործընկերային հարաբերություններ։ Շատ գործնական և հետաքրքիր հանդիպում ունեցանք։ Մենք մեկ մեծ ընտանիքի շատ մտերիմ գործընկերներ ենք»,- ասել է Վասիլ Մաղլափերիձեն։
Պատերազմի ընթացքում Վրաստանի Հանրային հեռարձակողը սերտորեն համագործակցում է Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ և իրականացնում Ուկրաինային աջակցելու տարբեր միջոցառումներ։