Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ երկրի պաշտպանական ուժերը հարձակվել են Ռուսաստանի Էնգելս քաղաքի նավթամթերքների բազայի վրա

14:18, 08.01.2025

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Սարատովի մարզի Էնգելս քաղաքի նավթամթերքների բազայի վրա։

Այս մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբում։

Ուկրաինական կողմը նշում է, որ նավթային այս բազան վառելիք է մատակարարել Էնգելսի ռազմական օդանավակայանին, որտեղ տեղակայված է ռուսական ռազմավարական ավիացիան։

Գլխավոր շտաբը նշում է, որ նավթային բազայի վրա հարվածը լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում ռուս օկուպանտների ռազմավարական ավիացիայի համար և զգալիորեն նվազեցնում է ուկրաինական քաղաքներին և քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու նրանց հնարավորությունը։

Սարատովի և Էնգելսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների մասին հայտարարություն է արել նաև Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նա նշել է, որ հարվածն իրականացվել է արտադրական օբյեկտներից մեկի վրա, թեեւ չի նշել, թե որ օբյեկտը։

Տեղական տելեգրամ ալիքները գրել են, որ հարձակման թիրախը եղել է նավթային բազան։ Տեղի բնակիչները խոսում են բազայում բռնկված հրդեհի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սարատովի մարզում գիշերը ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ 32 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարբեր շրջանների վրա։

Նմանատիպ