Ուկրաինայի գլխավոր շտաբ – Ուկրաինայի ուժերի պաշտպանական գործողությունը Կուրսկի մարզի որոշ շրջաններում շարունակվում է, իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները որոշ դիրքեր շարունակում են պահպանել
FILE PHOTO: A crossing point on the border with Russia a is seen, amid Russia's attack on Ukraine, near the Russian border in Sumy region, Ukraine August 11, 2024. REUTERS/Viacheslav Ratynskyi/File Photo
Ուկրաինայի Գլխավոր շտաբը հերքում է Ռուսաստանի իշխանության հայտարարությունը Կուրսկի մարզի վրա ամբողջական վերահսկողության վերականգնման վերաբերյալ։ Ուկրաինայի զինված ուժերում հայտնում են, որ Կուրսկի մարզի որոշ շրջաններում Ուկրաինայի պաշտպանական գործողությունը շարունակվում է։ Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Կուրսկի մարզում իրավիճակը բարդ է, սակայն ուկրաինական ստորաբաժանումները որոշ դիրքեր շարունակում են պահպանել։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտպանական գործողությունը Կուրսկի մարզի որոշ շրջաններում շարունակվում է։ Օպերատիվ իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները որոշ դիրքեր պահպանում են և կատարում են իրենց առաջադրանքները։ Միաժամանակ, նրանք արդյունավետ հարվածներ են հասցնում թշնամուն բոլոր տեսակի զենքերից՝ կիրառելով ակտիվ պաշտպանության տակտիկա», – նշված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում հետ են մղել հինգ գրոհ, և մեկ մարտական բախում այս պահին դեռ շարունակվում է։
Ուկրաինայի Գլխավոր շտաբը Ռուսաստանի հայտարարությունը որակում է որպես քարոզչական հնարք և ցանկալիի իրականության տեսքով ներկայացնելու փորձ։ Ուկրաինայի զինված ուժերում ընդգծում են, որ ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են ակտիվ գործողությունները նաև Բելգորոդի մարզում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Կուրսկի մարզը ամբողջությամբ ազատագրված է Ուկրաինայի զինված ուժերից։