Ուկրաինայի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը
Ուկրաինայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Կիևում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը։ Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ համաժողովում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։
«Զրույցի մեծ մասը մենք հատկացրել ենք Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու սարքերի արտադրությունն ավելացնելու ընդհանուր քայլերի որոշմանը։ Լիտվան ունի տեխնոլոգիա, մենք հնարավորություն ունենք ընդլայնելու արտադրությունը, և դա էր առանցքային թեման։ Կա հստակ պատկերացում, թե ինչ, ինչպես և երբ պետք է անել, որպեսզի ուկրաինա-լիտվական համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում առավելագույն արդյունքի հասնի ամենակարճ ժամկետում»,- ասել է Կուլեբան։
Ինչպես նշել է Կուլեբան, օդային տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Ուկրաինայի նպատակն իրագործելի է։ Նրա խոսքով, արդեն իսկ կայացվում են համապատասխան որոշումներ, սակայն «անհրաժեշտ է այդ բոլոր տարրերը ստանալ բավարար քանակությամբ եւ ժամանակին»։
«Եթե մենք F-16 ստանանք, եթե ունենանք մարտական և հետախուզական ինքնաթիռներ, էլեկտրոնային համակարգեր և հրթիռներ, ապա մենք կվերահսկենք մեր երկինքը։ Սա հասանելի է։ Այդ պատճառով Լիտվայի հետ մեր համագործակցությունը կարեւոր է»,- ասել է Կուլեբան։
Դրա հետ մեկտեղ երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները խոսել են Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու, ԱՄՆ լրացուցիչ ֆինանսավորման հաստատման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուսական սառեցված ակտիվների մասին։
Կուլեբան նշել է, որ իր լիտվացի գործընկերոջ հետ «էական պայմանավորվածություններ» են ձեռք բերվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Լիտվա պլանավորելու համար։