Ուկրաինայի Դնեպր քաղաքում հուլիսի 4-ը սգո օր է հայտարարվել։
Քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է հինգ, վիրավորվել՝ 34 մարդ։ Այս մասին սոցցանցերում տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է երկու դպրոց, երեք մանկապարտեզ և մեկ բուժհաստատություն։
Դնեպրի վրա հարձակումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է արևմտյան դաշնակիցներին և կոչ արել ՀՕՊ համակարգերը փոխանցել Կիևին։
«Միայն երկու բան կարող է կանգնեցնել ռուսական այս ահաբեկչությունը՝ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը և մեր զինատեսակների հեռահար գործողությունները։ Աշխարհը կարող է փրկել մարդկանց կյանքերը, իսկ դրա համար անհրաժեշտ է առաջնորդների ուժ։ Այն ուժը, որը կարող է և պետք է նորից նորմ դարձնի ահաբեկչությունից անվտանգությունը»,- ասել է Զելենսկին։