Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Ուկրաինայի փոխարտգործնախարարի և Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հանդիպման մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Ուկրաինայի փոխարտգործնախարարի և Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հանդիպման մասին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում երկրի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբիինիսի և Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի հանդիպման մասին։

Գերատեսչության հաղորդմամբ՝ Եվգենի Պերեբինիսը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ Կիև, Լվով, Խարկով, Նիկոլաև և Գոստոմել քաղաքներին գեներատորներ մատակարարելու, ինչպես նաև Վրաստանում ուկրաինացի երեխաների առողջության բարելավման ծրագրերի համար, որոնք նախատեսվում է շարունակել 2023 թվականին։

«Փոխնախարարը հույս է հայտնել, որ Վրաստանը կվերանայի իր դիրքորոշումը և կմիանա Ուկրաինային զենք և զինտեխնիկա մատակարարող գործընկերների շրջանակին, ինչպես նաև, որ Թբիլիսին կմիանա ագրեսոր պետության դեմ Եվրամիության սահմանած բոլոր պատժամիջոցներին։ Այս համատեքստում նա մտահոգություն է հայտնել Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին տեղեկատվության առնչությամբ։ Իր հերթին վրացի դիվանագետը վստահեցրել է, որ Վրաստանը չի պատրաստվում վերսկսել թռիչքները Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվգենի Պերեբիինիսը բարձրացրել է նաև Վրաստանում բանտարկված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման հարցը և վրացի դիվանագետին կոչ է արել դիտարկել նրան Ուկրաինա կամ երրորդ երկրներ բուժման համար տեղափոխելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության այլ հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնած խաղաղության բանաձեւի իրականացմանը Վրաստանին ներգրավելու հնարավորությունը, ինչպես նաև դրական են նշել ուկրաինա-վրացական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը», – ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։