Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն – Ուկրաինան պաշտոնապես հրաժարվում է երաշխիքներից, որոնք փոխարինում են ՆԱՏՕ-ին միանալուն

11:30, 03.12.2024

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվում է երաշխիքներից, որոնք փոխարինում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին տեղեկություն են տարածում ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ, որոնք կարող են դիտարկվել որպես ռուսական ագրեսիան զսպելու գործիք։

«Եվրոպական պրավդա»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պատրաստվում է այս դիրքորոշումը ներկայացնել ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Բրյուսելում։

«Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքը, ինչպես նաև այն, ինչը կարող է զսպող գործոն լինել Ուկրաինայի և այլ պետությունների դեմ ռուսական հետագա ագրեսիայի համար, Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է ՆԱՏՕ-ին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան նախապես մերժում է անդամակցության այլընտրանքային ձևաչափերը։

«Ելնելով Բուդապեշտի հուշագրի դառը փորձից՝ մենք չենք ընդունի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության այլընտրանքը, փոխարինողը»,- նշել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը, Ֆրանսիային և Չինաստանին, որոնք միացել են դրան, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր կողմերին՝ աջակցելու. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հիմա։ Սա, ըստ նրանց, արդյունավետ դիմադրություն կդառնա ռուսական շանտաժին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի և միայն եվրոպական անվտանգությանը, քանի որ Ուկրաինայի վրա հարձակումը խաթարել է վստահությունը միջուկային զինաթափման գաղափարի նկատմամբ։

Նմանատիպ