Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Նովոռոսիյսկում պայթեցվել է ռուսական «Վարշավյանկա» սուզանավը
Ուկրաինայի ուժերը Նովոռոսիյսկում պայթեցրել են ռուսական սուզանավ․ այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ ուկրաինական ստորջրյա դրոնները Նովոռոսիյսկի նավահանգստում շարքից հանել են «Վարշավյանկա» դասի ռուսական սուզանավը։
«Սուզանավը ստացել է կրիտիկական վնասվածքներ և փաստացիորեն շարքից դուրս է եկել», – նշված է Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարությունում։
Տարածված տեսանյութի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սուզանավի կորպուսի մոտ։ Մոտակայքում գտնվող ռուսական նավերը վնաս չեն կրել։
Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ սուզանավի տախտակամածին տեղակայված են եղել «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռների արձակման հարթակներ, որոնք օգտագործվել են Ուկրաինայի վրա հարձակումների համար։
Ուկրաինայի հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ «Վարշավյանկա» տեսակի սուզանավի արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն դոլար։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմում հերքում են սուզանավի վնասման փաստը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հաստատել են, որ Նովոռոսիյսկի նավահանգստում ուկրաինացիները փորձել են դիվերսիա իրականացնել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի աշնանից Ուկրաինան մի քանի անգամ հարվածներ է հասցրել Նովոռոսիյսկի նավահանգստի նավթային տերմինալներին՝ օգտագործելով ծովային դրոններ։ Նույն նավահանգստում է տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմակայանը։