Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է Զելենսկու և այլ բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչների սպանության փորձը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ ռուսական «Ֆե Էս Բե»-ն ծրագրում էր վերացնել Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչներին։
Ուկրաինայի հատուկ ծառայության տվյալներով՝ պետական անվտանգության բաժնի երկու գնդապետներ ձերբակալվել են պետական դավաճանության և ահաբեկչության իրականացմանն օժանդակելու մեղադրանքով։
Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ պետանվտանգության դեպարտամենտի աջակցությամբ նրանք հայտնաբերել են գործակալական ցանց, որի գործունեությունը վերահսկվում էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Ցանցում ընդգրկված պետանվտանգության բաժնի երկու գնդապետներ գաղտնի տեղեկություններ էին տրամադրում ռուսական կողմին։
«Թշնամին ակտիվորեն պլաններ էր մշակում նախագահ Վլադիմիր Զելենսկիին ոչնչացնելու համար։ «Ֆե Էս Բե»-ի գործակալական ցանցի խնդիրներից էր նախագահի պաշտպանությանը մոտ կանգնած զինվորականների մեջ հանցագործներ գտնելը, որոնք կարող էին պատանդ վերցնել պետության ղեկավարին, ապա սպանել։ Բացի Զելենսկիից, հակառակորդը նախատեսում էր ոչնչացնել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալիուկին, Պետական հետախուզության բաժնի պետ Կիրիլ Բուդանովին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների», – ասված է անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Մալիուկի խոսքով՝ ահաբեկչությունը պետք է «նվեր լինի Պուտինի երդմնակալության համար»։
Բացի այդ, հատուկ ծառայությունների տվյալներով, Բուդանովին նախատեսում էին Զատիկից առաջ հրթիռակոծել։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կասկածյալների բնակարաններում հանցավոր գործունեության ապացույցներ են հայտնաբերվել։