Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի շենքերը լուսավորվել են կապույտ և դեղին գույներով
Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի շենքերը լուսավորվել են կապույտ և դեղին գույներով

Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ Բրյուսելում Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի շենքերը լուսավորվել են կապույտ և դեղին գույներով։

«Կապույտ, ինչպես երկինքը Ուկրաինայի վերևում, դեղին, ինչպես նրա դաշտերը։ Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ ուկրաինական դրոշը լուսավորում է Բրյուսելում գտնվող մեր շտաբը։ Մենք հարգելու ենք խիզախ ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց երկրի ապագայի համար»,- գրել է Եվրահանձնաժողովը «Twitter»-ի իր էջում։

Ուկրաինացիներին շնորհավորել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ուկրաինայի Անկախության օրվա նախօրեին Եվրոպական խորհրդի շենքը լուսավորվում է վառ դեղին և կապույտ գույներով՝ որպես Ուկրաինային մեր ամուր աջակցության խորհրդանիշ»,- գրել է Միշելը «Twitter»-ի իր էջում։

Եվրախորհրդարանի շենքը նույնպես լուսավորվել է կապույտ և դեղին գույներով։

«Կապույտ և դեղին գույները ուկրաինացի խիզախ ժողովրդի արիության և տոկունության խորհրդանիշն են։ Նրանք միավորում են մեզ և ներկայացնում Ուկրաինայի եվրոպական ապագան։ Այսօր երեկոյան նրանք լուսավորում են մեր Եվրախորհրդարանը, ինչով մենք միանում ենք մեր ուկրաինացի ընկերներին՝ տոնելու Անկախության օրը»,- գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Բացի այդ, Եվրամիության արտաքին գործերի ծառայության շենքը նույնպես Ուկրաինայի դրոշի գույներով է։