Ուկրաինան ժամանակավորապես դադարեցրել է արտաքին պարտքի վճարումը: Համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Օրենքի համաձայն՝ Ուկրաինան իրավունք ունի մինչև հոկտեմբերի 1-ը դադարեցնել շուրջ 20 միլիարդ դոլարի արտաքին պարտավորությունների վճարումը։ Ուկրաինան պարտքի առաջին վճարումը պետք է կատարեր օգոստոսի 1-ին։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոքսոլանա Պոդլասի խոսքով՝ այս օրինագիծը վերակազմավորման կարևոր տարր է, որը թույլ կտա Ուկրաինային մինչև 2027 թվականը խնայել 10 միլիարդ դոլար սուվերեն եվրապարտատոմսերի վճարման վրա։
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն իր աջակցությունն է հայտնել այս օրենքին։
Տեղեկության համար՝ հուլիսի 22-ին Ուկրաինայի իշխանությունները վարկատուների հետ պայմանավորվել են արտաքին պարտքի մի մասի վերակառուցման շուրջ։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետը, պարտքի սպասարկման վճարումների հետաձգման արդյունքում տնտեսված գումարները կօգտագործվեն երկրի ամենօրյա կարիքների համար։ Ռուսական լայնածավալ միջամտության մեկնարկից հետո Ուկրաինայի արտաքին պարտքը կտրուկ աճել է և 2023 թվականի վերջին կազմել 141 միլիարդ դոլար։
Արժույթի համաշխարհային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Ուկրաինայի արտաքին պարտքը կարող է գերազանցել երկրի համախառն ներքին արդյունքի 100%-ը։