Ուկրաինան առաջարկ է ներկայացրել Թուրքիային՝ առանց Ռուսաստանի վերսկսելու «Հացահատիկային միջանցքի» շահագործումը
Ուկրաինան առաջարկ է ներկայացրել Թուրքիային՝ առանց Ռուսաստանի վերսկսելու «Հացահատիկային միջանցքի» շահագործումը

Ուկրաինան առաջարկ է ներկայացրել Թուրքիային՝ առանց Ռուսաստանի վերականգնելու «Հացահատիկային միջանցքի» աշխատանքը։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերում նավերի տեղաշարժի սահմանափակումներ չկան միջանցքներում։

«Մենք առանց Ռուսաստանի հացահատիկային միջանցքի շահագործման առաջարկը ներկայացրել ենք թուրքական կողմին։ Դեռևս վերջնական հաստատում չկա, սակայն, քանի որ նավերն արդեն նավարկում են Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերով և անցնում են նեղուցներով առանց սահմանափակումների, սա միանշանակ ռացիոնալ ճանապարհ է»,- ասել է Ուկրաինայի դեսպանը։

Բոդնարի խոսքով, քանի որ նշված մարդասիրական միջանցքներով անցնող նավերի արտահանման սահմանափակումներ չկան, իրավիճակը կարգավորելու համար կարող է օգտագործվել նման այլընտրանքային տարբերակ։

Դիվանագետը նշել է, որ ներկայումս ընթանում է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հաղորդակցությունը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշում մշակելու համար։