Ուկրաինան անպատասխան չի թողնի Դնեպրոպետրովսկի հրետակոծությունը. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն անպատասխան չեն թողնի Դնեպրոպետրովսկի վրա հարձակումը, որի հետևանքով 13 մարդ է զոհվել։
Զելենսկու խոսքով՝ պատերազմի ավարտի ժամկետը կախված է ռուսական կողմի կորուստների չափից։
«Որքան շատ լինեն կորուստները, այնքան շուտ մենք կազատագրենք մեր հողը և կապահովենք անվտանգությունը Ուկրաինայում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով, պետք է մտածել, թե ինչպես կարելի է հակառակորդին մեծ կորուստներ պատճառել, քանի որ, ինչպես ասաց Զելենսկին, 43 000 զոհված ռուս զինվորները բավարար փաստարկներ չեն Ռուսաստանի կառավարության համար պատերազմն ավարտելու համար, և անհրաժեշտ են ավելի շատ զոհեր։
«Մեր զինված ուժերը, հետախուզական և իրավապահ մարմինները անպատասխան չեն թողնի Դնեպրոպետրովսկի այսօրվա գնդակոծությունը։ Մարգանցին օկուպանտների հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Ավելի քան տասը վիրավորներ կան, հինգի վիճակը ծանր է։ Սա ռուսական տեռորի հերթական դրսևորումն է, ինչպես Միկոլաևի, Խարկովի վրա հարձակումները, և ևս մեկ անգամ հաստատում է Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ Որքան հզոր լինեն մեր զենքերը և որքան հեռահար լինեն դրանք, այնքան ավելի արագ կավարտվի այս դաժան պատերազմը»,- ասել է Զելենսկին։