Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ցանկանում է պաշտոնապես ճանաչել Մերձդնեստրը որպես Ռուսաստանի կողմից օկուպացված գոտի, նախաձեռնությանը աջակցում է նաև Վրաստանի պատվիրակությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ցանկանում է պաշտոնապես ճանաչել Մերձդնեստրը որպես Ռուսաստանի կողմից օկուպացված գոտի։ Համապատասխան բանաձևը կքննարկվի այսօր։
Ինչպես հայտնում է «Եվրապեյսկայա պրավդան», բանաձևի տեքստը նախատեսում է Ռուսաստանի կողմից 1992 թվականին Մոլդովայի դեմ ագրեսիայի ճանաչումը և Ռուսաստանի կողմից Մերձդնեստրի օկուպացումը։
Այս նախաձեռնությանն աջակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պատվիրակությունները։
Եթե բանաձևն ընդունվի ներկայիս տեսքով, ապա դա կլինի Եվրախորհրդի առաջին պաշտոնական փաստաթուղթը, որտեղ Մերձդնեստրը կնշվի որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։