Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևի վրա ռուսական օդուժի հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, շենքեր են վնասվել
Վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պայթյունների ձայներ են լսվել, որից հետո օդային տագնապ է հայտարարվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Կիևի քաղաքային-զինվորական վարչության և Ուկրաինայի ռազմաօդային ուժերի վրա։
Ըստ լրատվամիջոցների՝ Կիևի վրա ռուսական օդուժի հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, շենքեր են վնասվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը Կիևի վրա ոչնչացրել է հակառակորդի ութ հրթիռ և 18 «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հրթիռի բեկորներն ընկել են Դառնիցկի և Գոլոսևսկի շրջաններում։ Նրա խոսքով՝ բեկորները վնասել են բնակելի շենքի տանիքը։
Բացի այդ, գիշերվա ընթացքում Ավդեևկիի ուղղությամբ գրանցվել է 82 ռազմական բախում։ Բախմուտի ուղղությամբ պաշտպանական ուժերը Դոնեցկի մարզի Գրիգորիևկա, Բոգդանովկա, Իվանովկա, Կլեշչեևկա և Անդրեևկա շրջաններում հետ են մղել հակառակորդի 11 հարձակում։