Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման հետևանքով Լենինգրադի մարզի Ուստ-Լուգայի նավահանգստում հրդեհ է բռնկվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման հետևանքով Լենինգրադի մարզի Ուստ-Լուգայի նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հենվելով Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հայտարարության վրա։
Ավելի ուշ Դրոզդենկոն հայտարարել է, որ Ուստ-Լուգայի նավահանգստում հարձակման «բոլոր հետևանքները վերացվել են» և զոհեր չկան։
Մեդիայում նշում են, որ Ուստ-Լուգայի ծովային նավահանգիստը Բալթիկ ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկն է և Ռուսաստանի համար նավթի ու նավթամթերքի արտահանման կարևոր հաբ է։ Նավահանգիստը նախկինում ևս բազմիցս դարձել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ։
Միևնույն ժամանակ, Լատվիայի օդային տարածք է մտել օտարերկրյա անօդաչու թռչող սարք, որը խոցել են ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում պարեկություն իրականացնող կործանիչները։ Անօդաչու թռչող սարքի ծագման վերաբերյալ այս փուլում պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։