Ուկրաինացի զինվորականները Խերսոնի մերձակայքում ռուս օկուպանտներից չորս գյուղ են ազատել. «Սի Էն Էն»
Ուկրաինացի զինվորականները ռուս օկուպանտներից չորս գյուղ են ազատագրել Խերսոն քաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ամերիկյան «Սի Էն Էն» հեռուստաընկերությունը՝ հենվելով Ուկրաինայի զինված ուժերում սեփական աղբյուրի վրա։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ազատագրված գյուղերն են՝ Նոր Դմիտրովկա, Արխանգելսկո, Տոմինա Բալկան և Պրավդինոն։
«Գիշերը սկսվել է ռուսական դիրքերի և թիկունքի զանգվածային ռմբակոծմամբ»,- լրատվամիջոցին հայտնել է անանուն աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ հարձակման հիմնական ուղղությունը եղել է Պրավդինո բնակավայրը։ Ուկրաինացի զինվորականները հարձակվել են Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված հետևակայինների վրա, որոնք փախուստի են դիմել, նրանց հետ միասին փախուստի են դիմել նաև ռուսական դեսանտային ուժերը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը երեք տեղից ճեղքել են օկուպանտների պաշտպանական գիծը։ Ուկրաինական ուժերի գլխավոր թիրախը Խերսոն քաղաքն է։
«Սի Էն Էն»-ի աղբյուրի տեղեկություններով՝ բազմաթիվ օկուպանտներ սպանվել ու գերի են ընկել։ Ոչնչացվել է նաև ռուսական զինտեխնիկա։
Բացի այդ, ուկրաինական «Ունիան» գործակալությունը գրում է, որ պայթյուններ են լսվում Խերսոնի մարզում։ Լրատվամիջոցը նշում է, որ, ըստ առկա տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել են օկուպանտների նավը Անտոնովսկի կամրջի մոտ, ինչպես նաև գրոհել են Ախիլ Կախովկայում ռուսական զինամթերքի պահեստը։