Հունգարիայից և Ռումինիայից հետո ատոմակայանի աշխատանքը սահմանափակել է նաև Սլովենիան
Հունգարիայից և Ռումինիայից հետո ատոմակայանի աշխատանքը սահմանափակել է նաև Սլովենիան։ Այս մասին տեղեկությունը տարածում է Սլովենիայի STA տեղեկատվական գործակալությունը։
Մեդիայի փոխանցմամբ՝ Սլովենիայի միակ ատոմակայանը, որը գտնվում է Կրշկո քաղաքում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կնվազեցնի մինչև իր հզորության 80%-ը։ Պատճառը Սավա գետում ջրի ցածր մակարդակն ու բարձր ջերմաստիճանն է։ Հենց այս գետն է օգտագործվում ռեակտորը հովացնելու համար։ Հզորության սահմանափակումը կսկսվի չորեքշաբթի գիշերը։
Հիդրոլոգիական պայմանների հետագա վատթարացման դեպքում հնարավոր է էլեկտրաէներգիայի արտադրությունը էլ ավելի նվազի։
Նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում 2003 թվականից ի վեր։ Այն ժամանակ Սավա գետում ջրի ցածր մակարդակի պատճառով ատոմակայանը շուրջ երեք ամիս աշխատել է սահմանափակ հզորությամբ։