Ուկրաինայի փոխվարչապետ. «Ազովստալից» հաջողվել է տարհանել 50 կնոջ, երեխայի և տարեցի, մենք առավոտյան կշարունակենք տարհանումը
Մարիուպոլի «Ազովստալից» ուրբաթ օրը տարհանվել է 50 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ։ Այդ մասին «Facebook»-ում գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
«Այսօր մենք քաղաքացիներին տարհանել ենք «Ազովստալից»։ Հետդարձի ճանապարհին «Պորտ Սիթիում» պետք է մարդկանց վերցնեին։ Ցավոք, չկարողացանք, քանի որ ամբողջ շարասյունը ստիպված էր կանգնել «Ազովստալի» մոտ։ Եղել են բախումներ և այլ սադրանքներ։ Հակառակորդն անընդհատ խախտում էր հրադադարի պահպանման պայմանները. Այսպիսով, տարհանումը շատ դանդաղ էր ընթանում: Սակայն այսօր մեզ հաջողվեց «Ազովստալից» դուրս բերել 50 կանանց, երեխաների ու տարեցների։ Վաղն առավոտյան մենք կշարունակենք տարհանման գործողությունը»,- ասել է Վերեշչուկը։
Իրինա Վերեշչուկի խոսքով՝ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, տեղական ժամանակով ժամը 17:00-ին ավտոբուսները կկանգնեն «Պորտ Սիթիում»՝ մարդկանց Բեզյամին տանելու համար։ «Պորտ Սիթիից» մարդիկ կմիանան «Ազովստալ» ավտոշարասյունին, որը հաջորդ օրը կմեկնի Զապոռոժյե։