Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մադրիդ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մադրիդ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մադրիդ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։

Ուկրաինայի նախագահն արդեն հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Կողմերը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի և Իսպանիայի Թագավորության միջև անվտանգության ոլորտում համագործակցության մասին։

«Այս տարի Իսպանիան մեկ միլիարդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային, հինգ միլիարդ եվրո՝ երեք տարվա համար։ Մարդասիրական օգնություն, տնտեսության վերականգնում և վերակառուցում, աջակցություն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին Ուկրաինայի բարեփոխումներին և մեր «խաղաղության բանաձեւին» աջակցություն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում, համագործակցության այս բոլոր ոլորտներն արտացոլված են մեր համաձայնագրում»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում։

Ուկրաինայի նախագահը Իսպանիա պետք է ժամաներ մայիսի 17-ին, սակայն այս և այլ այցերը հետաձգվել են Խարկովի մարզում ռուսական հարձակումների պատճառով։

Վոլոդիմիր Զելենսկին Պորտուգալիա կմեկնի մայիսի 28-ին։