Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է Կիևից դեսպանատների տարհանման մասին տարածված տեղեկությունը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Գեորգի Տիխին հերքել է «The Guardian»-ի հրապարակած տեղեկությունը Կիևից դեսպանատների էվակուացիայի մասին:
Նրա խոսքով՝ օտարերկրյա գործընկերները Ուկրաինային չեն տեղեկացրել Կիևից դիվանագիտական առաքելությունները տեղափոխելու մտադրության մասին:
«Չգիտեմ, թե որտեղից են որոշ օտարերկրյա լրատվամիջոցներ ստացել այս տեղեկությունը: Այս փուլում մենք արտաքին գործերի նախարարությունում օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից նման պահանջներ կամ ծանուցումներ տեղափոխման ծրագրերի վերաբերյալ չենք ստացել»,- LIGA.net-ին հայտնել է Տիխին:
Ի գիտություն՝ «The Guardian»-ի հոդվածի համաձայն՝ դիվանագետները քննարկում են Կիևից դեսպանատների տեղափոխման հարցը այն դեպքում, եթե Ռուսաստանը թիրախային հարվածներ հասցնի դիվանագիտական ներկայացուցչություններին:
«Արևմտյան դիվանագետները, չնայած իրենց հանրային հայտարարություններին, թե չեն պատրաստվում լքել Կիևը, մասնավոր զրույցներում նշում են, որ քննարկվում են ծրագրեր՝ արտակարգ հանգամանքների դեպքում դեսպանատները Լվով և Լեհաստանի արևելք տեղափոխելու վերաբերյալ, եթե Ռուսաստանը թիրախային հարվածներ հասցնի դիվանագիտական ներկայացուցչություններին»,- գրել է պարբերականը՝ հղում անելով արևմտյան դիվանագետներին: